ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025 թվականին կկազմի 410 մլն դոլար. կանխատեսումներ

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մասնակիցները ցանցերի և ծրագրային ապահովման լայնածավալ արդիականացում են իրականացնում, դիվերսիֆիկացնում բիզնեսը, զարգացնում թվային ծառայություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսական Nexign և TelecomDaily ընկերությունների կանխատեսմամբ՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025 թվականին կկազմի 159.9 մլրդ դրամ (410 մլն դոլար)։ Միաժամանակ, առաջիկա 3 տարիների ընթացքում կանխատեսվում է նաև տարեկան 3.9% միջին աճ և Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ծավալի ավելացում մինչև 173.4 մլրդ դրամ (444.6 մլն դոլար) 2027 թվականին։
Բարձր տեխնոլոգիական enterprise-լուծումների ռուսաստանյան մշակող Nexign-ը և Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի մարզերի լրատվամիջոցներում ամենահայտնի և մեջբերվող ընկերություններից մեկը՝ TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալությունը, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ, ինտերակտիվ քարտեզ են ներկայացրել, որը արտացոլում է ԱՊՀ–ի և, մասնավորապես, Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի վիճակը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության շուկան աճել է 25%-ով և 2024 թվականին հասել է 154.5 մլրդ դրամի (396 մլն դոլար): Եկամտի հիմնական աղբյուրներն են բջջային կապը և ֆիքսված ինտերնետ ծառայությունները։
«Հայաստանի հեռահաղորդակցության շուկային բնորոշ է լուրջ մրցակցություն՝ կապի ծառայությունների բարձր ներթափանցման համատեքստում։ Սահմանափակ բաժանորդային բազան օպերատորներին խրախուսում է մեծացնել ընթացիկ օգտատերերի հավատարմությունը և առաջարկներ մշակել գրավելու՝ նորերին՝ երիտասարդ սերնդին և նրանց, ովքեր պատրաստ են փոխել օպերատորին», – ասել է Nexign-ի կոմերցիոն Սերգեյ Կարպովը։
Շուկայի մասնակիցները ցանցերի և ծրագրային ապահովման լայնածավալ արդիականացում են իրականացնում, դիվերսիֆիկացնում բիզնեսը, զարգացնում թվային ծառայություններ։ Երկրի բոլոր բջջային օպերատորներն արդեն առանձին քաղաքներում և մարզերում գործարկել են 5G ցանցերը կոմերցիոն օգտագործման համար։
2025 թվականին Հայաստանի օպերատորներն ու բանկերը գործարկել են eSIM Mobile ID ծառայությունը, որը պարզեցնում է էլեկտրոնային ստորագրությունը առցանց նույնականացնելու և ակտիվացնելու ընթացակարգը քաղաքացիների և բիզնեսի համար։ Եթե նախկինում օպերատորը կարող էր հաստատել անձի ինքնությունը միայն ֆիզիկական SIM քարտի առկայության դեպքում, ապա այժմ դա հնարավոր է անել նաև eSIM ունեցող բաժանորդների համար։
Նշենք, որ տեղական հեռահաղորդակցության օպերատորներից մեկը (Team) հայտարարել է Nvidia-ի ընկերության «մեծ տվյալների» վերլուծության կենտրոնի (AI Factory) կառուցմանը մասնակցելու մասին։ Նախագիծը պետք է մեկնարկի առաջիկա ամիսներին։