Ազգային ժողովը երեկ արագացված ռեժիմով քննարկեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն միտված օրենսդրական նախագծերի փաթեթները։ Դրան նախորդել էր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի զգուշացումը առ այն, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց գործելաոճը, ապա ՀԷՑ-ի սեփականատերը միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցի Հայաստանի դեմ։
Հայաստանի էլցանցերի պետականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի և ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, ինչից հետո հայտնվեց կալանավայրում` իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով։
Փաշինյանը ֆեյսբուքով երեկ տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի իրականացման համար 1 ամիս ժամանակ է տվել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը օրերս հրավիրված մամուլի ասուլիսում պնդել էր, որ նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն։ Ըստ Ղազինյանի` ՀԷՑ-ի պետականացման դեպքում էլետրաէներգիայի սակագինը անխուսափելիորեն թանկանալու է։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում, վերլուծում է ՀԷՑ-ի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կիրառում համապատասխան պատասխանատվության միջոցներ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր նոր իրողությունների վերաբերյալ հաշվարկներ չեն արվել։