Ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է. Ավետիսյան

Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը. Արխիվային լուսանկար
Ընդդիմադիր պատգամավորը դժգոհեց, որ փոխնախարարն այնպես ներկայացրեց նախագիծը, որ սովորական քաղաքացիները վստահաբար չհասկացան` ինչի մասին է այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, իսկ տրանսպորտի վճարը չմուծելու դեպքում տուգանքը 15 հազար դրամ. 3 անգամ տուգանվելուց հետո քաղաքացին կմնա առանց փող։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նոր օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել ԱԺ քննարկմանը` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև ՀՀ վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։
Նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Թադևոս Ավետիսյանը նախ դժգոհեց, որ փոխնախարարն այնպես ներկայացրեց նախագիծը, որ սովորական քաղաքացիները վստահաբար չհասկացան` ինչի մասին է այն։
«Պարզ ասեիք` եթե տրանսպորտի թանկացված վարձավճարը չվճարեք, ապա կտուգանվեք։ Հուսով եմ` միայն տուգանքով կսահմանափակվեք հետո էլ մի նոր նախագիծ չեք բերի, օրինակ` քրեական պատասխանատվության ենթարկելու մասին կամ երկրից արտաքսելու։ Հիմա` տուգանքի չափը որքա՞ն է լինելու։ Նաև` այդ ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ ուղեվարձի չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամի չափով։
«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչից կամ արտոնությունից, ապա այս դեպքում սահմանվում է կրկին 15 հազար դրամի տուգանք։ Սահմանվում է 3000 դրամի տուգանք, եթե ունի նման արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում»,– պարզաբանեց փոխնախարարը։
Ավետիսյանը նրանից նաև հետաքրքրվեց` վերջին անգամ ե՞րբ է հանրային տրանսպորտից օգտվել այս թանկացումից, նոր համակարգի ներդրումից հետո։
«Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Օրինակ` ես «Telsell»–ից գնել էի մեկանգամյա տոմս, սակայն վալիդատորը այն չճանաչեց։ Այսինքն` եթե ձեր տեսուչներն այնտեղ լինեին, ինձ տուգանելո՞ւ էին։ Հիմա ինչ եք անելու` քաղաքացուն հիմա էլ քաշքշուկի առարկա՞ եք դարձնելու»,– նկատեց պատգամավորը։
Ի պատասխան փոխնախարար Սիմոնյանն ասաց, որ ընդամենը երկու ժամ առաջ` ԱԺ գալուց է օգտվել հանրային տրանսպորտից։
«Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա դրանց առաջացման դեպքում անձը պատասխանատվության չի ենթարկվի»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։
Նա նշել էր, որ ավտոբուսներում և դռների վրա արդեն ունեն ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով։