Թուրքիայի քաղաքացին հրդեհել է անտառը՝ փորձելով տիզ վառել

Մանիսայում բռնկված հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հեկտար գյուղատնտեսական հող և անտառ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Թուրքիայի Մանիսա նահանգի դատարանը կալանավորել է մի տղամարդու, որը տզին ոչնչացնելու փորձից հետո 12 հեկտար անտառ է հրդեհել, հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը:
Հրշեջները շարունակում են մարել անտառային հրդեհները։ Ավելի վաղ գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտնել էր, որ հինգ օրվա ընթացքում երկրում ավելի քան 340 հրդեհ է գրանցվել։
«Մանիսայում հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հեկտար գյուղատնտեսական հող և անտառ։ Ժանդարմերիան, հետաքննելով հրդեհի պատճառները, ձերբակալել է Օզջան Թաշխանին և պարզել, որ հրդեհի մեղավորը նա է։ Թաշխանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ այրել է բարձը, որի վրա տիզ է գտել, և այն նետել է այգի։ Դատարանը կալանավորել է Թաշխանին»,-ասվում է հրապարակման մեջ։
Որպես կանոն, տզերի ներխուժումից ամեն տարի տուժում են Թուրքիայի հյուսիսային նահանգների բնակիչները, սակայն այս տարի տապի պատճառով տզեր են հայտնվել նաև Ստամբուլում և Անթալիայում:
Սիվաս նահանգում տարեսկզբից ի վեր արդեն տասը մարդ է մահացել տզերի խայթոցներից հետո Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդով վարակվելու պատճառով։