ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Շարունակվում է «Ակկույու» ատոմակայանի նախագծում 49 % բաժնեմասի վաճառքի շուրջ բանակցությունների գործընթացը օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ընկերությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը։
««Ակկույու» ԱԷԿ-ի նախագծում 49% մասնաբաժնի վաճառքի հնարավորությունը նախատեսված է նախագծի իրականացման մասին 2010 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով։ Բանակցությունները շարունակվում են, հնարավորությունները քննարկում ենք պոտենցիալ գործընկերների, այդ թվում՝ թուրքական ընկերությունների հետ»,-նշել են մամուլի ծառայությունում։
Նշված միջկառավարական համաձայնագրի պայմանների համաձայն՝ պոտենցիալ գործընկերների ընտրությունը պահանջում է թուրքական կողմի հետ պարտադիր համաձայնեցում։
Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի նախագծի իրականացումը շարունակվում է, չնայած ցնցումային ժամանակներին, այսօր հայտարարել է «Akkuyu Nuclear» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Դեդուսենկոն:
Ներկայում Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվում է երկրում առաջին՝ «Ակկույու» ատոմակայանը։ Այն բաղկացած է չորս էներգաբլոկներից՝ ռուսական ВВЭР-1200 սերնդի 3+ դիզայնի առաջատար ռեակտորներով։ Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատ։ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build-Own-Operate («կառուցիր-տնօրինիր-շահագործիր») մոդելի համաձայն։
Մասնագետները մարտ ամսում ավարտել են «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինմոնտաժային աշխատանքները։ Էներգաբլոկը շահագործման կհանձնվի տարվա ընթացքում: