ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հանձնել Ադրբեջանի դեսպանին՝ ռուս լրագրողներին ազատ արձակելու պահանջով

Դիվանագետին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների կազմաքանդման ուղղությամբ ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ, նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին անհապաղ կալանքից ազատելու պահանջով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին վերբալ նոտա է հանձնվել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքվում յոթ մարդ է ձերբակալվել Sputnik Ադրբեջանի գործակալությունում կատարված խուզարկություններից հետո: Նրանց թվում են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նրանք իբր «ԱԴԾ գործակալներ» են:
«Հուլիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունների կազմաքանդման ուղղությամբ ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ», - հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Նման քայլերի թվում ԱԳ փոխնախարարը նշել է միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների մատուցմամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների աղաղակող, անընդունելի գործողությունները ռուսական Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության և նրա աշխատակիցների դեմ, ռուս մշակութային գործիչների և կոլեկտիվների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ Ադրբեջանում բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը:
Եկատերինբուրգում վերջերս Ադրբեջանից ներգաղթած ՌԴ քաղաքացիների ձերբակալման հետ կապված իրավիճակի կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողություններն իրականացվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ քրեական գործերի քննության շրջանակներում։
«Ըստ պատկան մարմինների տեղեկությունների՝ ռուսական իրավապահ մարմիններին լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին։ Այս առնչությամբ մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել էր հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։
ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը կալանավորվել են։