ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում ավելի քան 140 թիրախի է հարվածել, այդ թվում՝ ռազմական օբյեկտների և հրթիռային կայանքների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում ավելի քան 140 ահաբեկչական օբյեկտների են հարվածել։ Խոցվել են ահաբեկիչներ, ռազմական օբյեկտներ, հրթիռային կայանքներ, որոնք սպառնալիք էին ներկայացնում (իսրայելական - խմբ.) զորքերի համար, զենքի պահեստներ և ահաբեկչական այլ ենթակառուցվածքային օբյեկտներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով: