ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Լոռու մարզի Շնող գյուղից ռազմաճակատ մեկնած Միխայիլ Սահակյանը բուժման է եկել Գյումրիի ռուսական ռազմաբազա: Շնչառական խնդիրների մասին նա պատմել էր դեռևս մայիսին՝ 102-րդ բազայի սպաների և «Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստների այցին։ Այն ժամանակ նրանք համատեղ բարեկարգել են Ալավերդի խոշորացված համայնքի՝ Հայրենական մեծ պատերազմից չվերադարձած մասնակիցների հուշարձանը։
Միխայիլ Սահակյանը 99 տարեկան է։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ մնացած միակ տեղաբնակ մասնակիցն է։
Միխայիլ Սահակյանը Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում
© Photo : пресс-служба ЮВО
Ռուս զինվորականներն արձագանքել են նրա խնդրանքին և ուղևորություն կազմակերպել ռազմակայանին կից հոսպիտալ։ Բժիշկները հետազոտել են ԼՕՌ-օրգանները, նշանակել բուժման երկշաբաթյա կուրս, տրամադրել արյան շրջանառությունը և լսողությունը բարելավելու համար անհրաժեշտ դեղորայք և միջոցներ։
Միխայիլ Սահակյանը Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում
© Photo : пресс-служба ЮВО
Բազա այցելությունը չի սահմանափակվել միայն բուժօգնությամբ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովն անձամբ է վետերանի համար շրջայց կատարել կայազորում: Միխայիլ Սահակյանն այցելել է մատուռ, մոմ վառել, եղել թանգարանում և Հիշողության պուրակում:
Հանդիպման ընթացքում վետերանը պատմել է իր մարտական ուղու և զինակից ընկերների մասին: Չնայած տարիքին՝ Միխայիլ Գեղամովիչը դեռ հիշում է նրանցից յուրաքանչյուրին։
Ինչպես հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, նա շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին վետերանների նկատմամբ ուշադրության, ավանդույթների պահպանման և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության համար։
Ավելի վաղ Sputnik Արմենիան պատմել էր Միխայիլ Սահակյանի կյանքի փառահեղ ուղու մասին։ Նա ռազմաճակատ է մեկնել 1944 թվականին, մասնակցել Էլբայի, Մագդեբուրգի մարտերին, հասել Բեռլին, իսկ հաղթանակից հետո տեղափոխվել Հեռավոր Արևելք։ Ուսուրիյսկում բարեկամ Կորեայից զինծառայողներին երկար ժամանակ սովորեցրել է Մորզեի այբուբենը և հեռագրական հմտությունները: Զորացրվել է 1951 թվականին և այդ ժամանակվանից բնակվում է հայրենի գյուղում: Իր համար ամենաարժեքավոր պարգևը վստահ անվանում է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալը: