«Ինտերը» կորոշի Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը աշխարհի ակումբային առաջնությունից հետո

Հայ կիսապաշտպանի դիրքերը միլանյան ակումբում, այնուամենայնիվ, ավելի ամուր են, քան տարեկից մյուս ֆուտբոլիստներինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Միլանի «Ինտերը» աշխարհի ակումբային առաջնությունից հետո կորոշի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և մի շարք այլ փորձառու ֆուտբոլիստների հետագա ճակատագիրը: Այս մասին գրում է իտալական FCInterNews պարբերականը։
Նշվում է, որ չնայած կազմը երիտասարդացնելու քաղաքականությանը, Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ թիմում: Նախորդ մրցաշրջանում «Ինտերի» կազմն ամենատարեցն էր, սակայն ակումբի նոր սեփականատերը՝ Oaktree Capital-ը, մտադիր է իջեցնել թիմի միջին տարիքը՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին:
«Այնուամենայնիվ, աշխարհի ակումբային առաջնությունը ցույց տվեց, որ Մխիթարյանի նման փորձառու ֆուտբոլիստները դեռևս արժեքավոր են: Առաջնության երկու հանդիպման նա մասնակցել է որպես հիմնական կազմի խաղացող, իսկ մեկում՝ դուրս եկել փոխարինման։ Ու թեև աչքի ընկան երիտասարդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, Վալենտին Կարբոնին, Պետար Սուչիչը և Լուիս Էնրիկեն, սակայն գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վճռական պահերին վստահում էր Մխիթարյանին», - գրում է պարբերականը:
ԶԼՄ-ների տվյալներով, հայ կիսապաշտպանի դիրքերը միլանյան ակումբում, այնուամենայնիվ, ավելի ամուր են, քան Ֆրանչեսկո Աչերբիինը, ում հեռանալու մասին արդեն խոսվում է, և Մատեո Դարմիանինը, ով, ամենայն հավանականությամբ, կմնա պահեստայինների նստարանին:
«Չնայած կիսապաշտպանությունում մրցակցության աճին և Մխիթարյանի խաղաժամանակի կրճատմանը, «Ինտերը» ցանկանում է, որ նա մնա: Ակումբը վստահ է, որ նույնիսկ առանց հիմնական կազմի խաղացողի կարգավիճակի Մխիթարյանը կարող է արժեքավոր լինել ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում», - գրում է պարբերականը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: