ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Գազա քաղաքի նավահանգստային գոտուն Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական աղբյուրները։
«Նախնական տվյալներով՝ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող նավահանգստային գոտուն իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 24 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ։ Տուժել է ավելի քան 30 մարդ»,-հեռուստաալիքին հայտնել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցի աղբյուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այսօր Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների զոհ է դարձել 85 մարդ:
Երկամսյա զինադադարից հետո՝ մարտի 18-ի գիշերը, Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածին հարվածները և սահմանափակել մարդասիրական բեռների առաքումը՝ Պաղեստինի բնակչության շրջանում առաջացնելով սուր պարենային ճգնաժամ: Կողմերը միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ փորձում են պայմանավորվել նոր հրադադարի մասին։