Երևանում ուղևորը բռնություն է գործադրել 46 համարի ավտոբուսի վարորդի նկատմամբ

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում ուղևորը բռնություն է գործադրել հասարակական տրանսպորտի վարորդի նկատմամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից»,–գրել է Կոստանյանը։
Նա նշել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Նշենք, որ այս տարի արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Վերջին դեպքը հունիսի 11–ին էր, երբ Երևանում 2 անձանց կողմից բռնության էր ենթարկվել 31 համարի ավտոբուսի վարորդը։
Ապրիլի 23-ին էլ 38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։ 2025–ի փետրվարին էլ 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը հորդորել էր վճարել ուղեվարձը։