ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվում Sputnik–ի գրասենյակում «գործողություն» են իրականացնում, խմբագրությունը դեռ կապի դուրս չի եկել Մոսկվայի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկությունը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այն սկսվել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունից հետո, որոնք մեղադրվում են 2000-ականների սկզբին կատարված սպանությունների և մահափորձերի համար։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել է իրադարձություններին՝ գրելով. «Հատուկ գործողություն։ Հզոր է»։ Նա նշել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցներն արդեն մեկնել են Sputnik Ադրբեջանի գրասենյակ, որտեղ այժմ «հատուկ գործողություն» է տեղի ունենում։
«Աշխատակիցները կապի դուրս չեն գալիս. ակնհայտորեն, նրանք հեռախոսի հասանելիություն չունեն։ Նրանց թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան», – հավելել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր հանրապետության տարածքում ՌԴ պետական և մասնավոր հաստատությունների բոլոր միջոցառումների չեղարկման մասին։
Նման որոշման պատճառ էր դարձել Եկատերինբուրգում հանցավոր խմբի անդամների դեմ աղմկահարույց գործը։
Քննության ընթացքում ձերբակալվել են ՌԴ վեց քաղաքացիներ, ազգությամբ ադրբեջանցի Մազահիրը, Ակիֆը, Բաքիր և Այազ Սաֆարովները, ինչպես նաև Ալիխան Գանջիևը և Շահին Լալաևը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ մեղադրյալները ներգրավված են եղել մի շարք սպանությունների և մահափորձերի մեջ, որոնց դրդապատճառը բիզնեսում ազդեցության բաժանումն էր։ Հիմնական կասկածյալներից երկուսը՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, մահացել են քննչական գործողությունների ընթացքում։ Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը մահացել է սրտի անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառը պարզվում է։