ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանից տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Պաշտպանները հայտնեցին, որ սրբազանին, ըստ նախնական տվյալների, կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար։