«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն». Միքայել սրբազանի խոսքը դատական նիստում

Միքայել արքեպիսկոպոսի գործով որոշումը կհրապարակվի ժամը 08:30-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում. դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանը։ Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները լրագրողները։
Պաշտպանական կողմը նշեց, որ արքեպիսկոպոսի նկատմամբ կալանքի միջնորդությունը խտրականություն է: Ավելին` նա կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե, ինչը նշանակում է, որ չի թաքնվում։
Ինչ վերաբերում է նրա հնչեցրած արտահայտությանը (2024 թվականի, ապա 2025 թվականի հարցազրույցներում) «ռազմական հեղաշրջման» մասին, դա կոչ չի եղել, այլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի գնահատական։
«Նա կոչ չի անում, պատմում է ինչ–որ բանի մասին»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Միքայել արքեպիսկոպոսի գործով որոշումը կհրապարակվի ժամը 08: 30-ին:
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվեց, այժմ դատարանը որոշում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար։