Ոստիկաններն ուժ կիրառելով մարդկանց բերման են ենթարկում նաև Էջմիածին-Երևան ավտոմայրուղուց

Նշենք, որ իրավապահները բերման են ենթարկում ՀՀ քննչական կոմիտեի մոտ հավաքված քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Էջմիածին-Երևան ավտոմայրուղուց ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում մարդկանց, որոնք ցանկանում են գալ քննչական կոմիտի շենքի մոտ` աջակցելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Ինչպես հայտնել ենք, իրավապահները բերման էին ենթարկում ՀՀ քննչական կոմիտեի մոտ հավաքված քաղաքացիներին։
Այս պահին դեռ հայտնի չէ` քանի մարդ է բերման ենթարկվել։ ՆԳՆ–ից հայտնում են, որ մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանը հայտարարեց, որ ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ներկայանալու ՀՀ քննչական կոմիտե։