Շիրակի թեմի առաջնորդը Էջմիածնից ոտքով գալիս է Երևան

Սրբազանը հայտարարեց` ոտքով կգնա այնքան, որքան կկարողանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե։
Հավաքվածները թույլ չէին տալիս, որ նա մեքենա նստի։ Սրբազանն էլ հայտարարեց, որ ոտքով կգնա։
«Ոտքով կգնամ այնքան, որքան կկարողանամ»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։ Նա մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը թույլ չտվեց նստել մեքենա։ Սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։