Սա ուղերձ էր․Գյումրու ավագանու անդամը՝ ուժայիններին Էջմիածին մտնել թույլ չտալու մասին

Ռուբեն Մխիթարյանը ՔԿ–ի մոտ
Ռուբեն Մխիթարյանի խոսքով` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ գործը քաղաքական պատվեր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ, միավորելով ջանքերը, ունակ է տեր կանգնել իր արժեքներին և հասնել արդյունքի՝ դրանով իսկ հստակ ուղերձ հղելով ողջ աշխարհին: ՔԿ–ի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ մեկնաբանելով Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունները:
«Այսօր մենք տեսանք, թե ինչպես սովորական ժողովուրդը, հրաման ստացած ուժայիններին չթողեց կատարել իրենց գործը` սրբազանին բռնի կերպով, վայրենավարի տանեն, որպեսզի հոգեկան հիվանդը բավականություն ստանա։ Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին», - նշեց նա։
Մխիթարյանի կարծիքով՝ մեկ տարի ու կես առաջ տված հարցազրույցի հիման վրա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր:
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։