Միքայել սրբազանը հրաժարվում է լինել վարչապետի թեկնածու

Միքայել Աջապահյանը ՔԿ–ի ճանապարհին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել է չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների ցուցակում։ Նրա գրառումը թողարկել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ես լիովին բավարարված եմ եկեղեցում իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ` իմ անունը չշահարկել վերչապետի թեկնածուների շարքում։ Աստված պահապան», - նշել է հոգևորականը իր նամակում։
Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները միացել էին Փաշինյանին անվստահության հայտնելու նախաձեռնությանը։ Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, Մայր աթոռի դեմ այսօր ձեռնարկված արշավի ֆոնին հայտարարել էին, որ պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին՝ նրա համաձայնության դեպքում: Էդմոն Մարուքյանն էլ ասել էր, որ պատրաստ է հանել վարչապետի իր թեկնածությունը իմպիչմենտի գործընթացից։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։