Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա. փաստաբան

Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա։ Այդ մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու` երբ սրբազանը ներկայանա ՀՀ քննչական կոմիտե, իրենք պետք է ներկայացնեն միջնորդություն դատարան` կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է` նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ` սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է»,– հայտարարեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։
«Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,– ընդգծեց Զոհրաբյանը։
Ի դեպ, երբ նա այս հայտարարությունն արեց, նրա կողքին կանգնած էին հոգևոր հայրերը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռում է, որտեղ քահանաների ժողով է նախատեսված։
Ի՞նչ է կատարվում Մայր աթոռում
Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։