Մայր աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները. ՀՅԴ

Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին, հայտնում են ՀՅԴ ԳՄ հանրային կապերի գրասենյակից։

«Մայր աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։ ...Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
Խուզարկություններ են իրականացվել նաև Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։