Մայր աթոռի տարածքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քրգործ է հարուցվել. ՔԿ

Քրեական վարույթ է նախաձեռնվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ–ն նախ նշել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
«Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։