«Կուզեմ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ». Միքայել սրբազանը հեգնել է քննիչներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
Ըստ օրենքի` յուրաքանչյուր ձերբակալված ունի մեկ զանգի, ծանուցման հնարավորություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քննչական կոմիտեի քննիչներին անհարմար դրության մեջ է դրել, երբ նրան հարցրել են, թե ում է ուզում ծանուցել իր ձերբակալման մասին։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը երկու խոսք պատմեց զավեշտալի միջադեպից։
«Ինչպես գիտեք, Միքայել Սրբազանը կամավոր է ներկայացել քննչական կոմիտե և երբ ձերբակալման արձանագրություն են կազմել, հարցրել են` ում է ուզում ծանուցել, որ ձերբակալված է, քանի որ ըստ օրենքի ունի մեկ զանգի հնարավորություն։ Սրբազանն ասաց՝ կուզեմ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ»,–ասաց Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կտանեն դատարան, նախնական տեղեկություններով` Ավանի նստավայրում է քննվելու կալանքի միջնորդությունը։ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցելու 422 հոդվածի 2–րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ձերբակալման ժամից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։