Իրանը ծրագրում է ԵԱՏՄ երկրները կապել համաշխարհային շուկաների հետ. Փեզեշքիան

Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացումը կարևոր քայլ է տարածաշրջանում տնտեսական կապերի խորացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իրանը ծրագրում է զարգացնել և արդիականացնել առկա երկաթուղային և ճանապարհային միջանցքները, ուժեղացնել օդային տրանսպորտը, ստեղծել համատեղ հատուկ գոտիներ և օգտագործել իր նավահանգիստների տարանցիկ հզորությունները՝ ԵԱՏՄ անդամ երկրները համաշխարհային շուկաների հետ կապելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 27-ին Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Իրանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելը կհանգեցնի ավելի լայն և արդյունավետ համագործակցության։
«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացումը կարևոր քայլ է տարածաշրջանում տնտեսական կապերի խորացման ուղղությամբ։ Այն աննախադեպ հնարավորություններ է բացում մասնակից երկրների ազգային տնտեսությունների և գործարարների համար», – նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլորին Իրանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու համար և վստահեցրել, որ դա կհանգեցնի Թեհրանի ավելի լայն և արդյունավետ մասնակցությանը ԵԱՏՄ տնտեսական գործունեությանը։
Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում Թեհրանի ուշադրությունը կենտրոնացած է արտադրողների և սպառողների միջև համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ցանցեր ստեղծելու համար առկա հզորությունների օգտագործման վրա։
Փեզեշքիանը նշել է, որ ազատ առևտրի մասին համաձայնագրի ներուժի և առավելությունների լիարժեք օգտագործումը հեշտ չի լինի առանց պատժամիջոցների նկատմամբ կայուն բանկային անկախ ենթակառուցվածքի զարգացման։ Այս համատեքստում նա նշել է Եվրասիական զարգացման բանկի կողմից համատեղ ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման, շահագրգիռ դիտորդ պետությունների վրա ԵԱՏՄ ֆինանսական շրջանառության համակարգի ընդլայնման և ազգային արժույթներով հաշվարկային համակարգի կիրառման հարցի մշակման անհրաժեշտությունը։