ԱԱԾ-ն որոշում է կայացրել դուրս գալ Մայր աթոռի տարածքից. հայտարարություն

ԱԱԾ-ն հիշեցնում է՝ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում, հայտնում են ԱԱԾ-ից։
ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն շեշտում է՝ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։