Փաշինյանը գոհ է «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ իրականացված քայլերից

Նիկոլ Փաշինյանն առավոտյան խորհրդակցել է ՀՀ նախագահի հետ, և որոշել են, որ իրավապահ համակարգի` առավել արդյունավետ գործած ներկայացուցիչներին կներկայացնեն պետական պարգևատրման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների տանը կատարված խուզարկություններից և կալանավորումներից։ Նա երեկվա դեպքերի մասին խոսեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Համոզված եմ` երեկ բոլորդ հետևել եք իրադարձություններին, և կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, և, բնականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,– ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտյան խորհրդակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, և որոշել են, որ իրավապահ համակարգի բոլոր` առավել արդյունավետ գործած ներկայացուցիչներին կներկայացնեն պետական պարգևատրման։
«Երեկ հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում ուշադրությունս գրավեց, որ օգտատերերից մեկը նշել էր, թե ՀՀ–ում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին ՀՀ իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որը ևս պետք է վստահելի ձևով ձևակերպենք։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու համար ջանքեր կգործադրի»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։