Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար

Նիկարագուայի կառավարությունը պատրաստ է իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար և արդեն համագործակցում է կազմակերպության որոշ անդամների, մասնավորապես՝ Մոսկվայի և Մինսկի հետ, հայտարարել է երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլյոն։
«Նիկարագուան պաշտոնապես դիմել է այս կարևոր միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար», - ասել է նա Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլյոն հավելել է, որ սա երկրի համար կարևորագույն նպատակ է, և նման կարգավիճակ ստանալու համար կառավարությունը պատրաստ է կատարել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու պահանջները։
«Մենք արդեն զգում ենք մեզ այս միության մաս։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի հետ՝ բժշկության, դեղագործության, սարքավորումների մատակարարման խոշոր նախագծերի շրջանակներում... Մեր համագործակցությունը մեզ համար եղբայրական համագործակցություն է», - ընդգծեց նա։
Եվրասիական տնտեսական միության դիտորդներն են՝ Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։ Դիտորդի կարգավիճակը նրանց թույլ է տալիս մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին, ստանալ գաղտնի չհամարվող փաստաթղթեր՝ միևնույն ժամանակ չմասնակցելով որոշումների կայացմանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: