ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Իրանը մասամբ բացել է օդային տարածքը, թույլատրվել է միջազգային և ներքին չվերթեր իրականացնել հանրապետության արևելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը:
«Չվերթերի իրականացումը սովորական ռեժիմին աստիճանաբար վերադարձնելու և թռիչքների անվտանգությունն ամբողջությամբ պահպանելու նպատակով երկրի արևելյան մասում օդային տարածքը վերաբացվել է միջազգային տարանցիկ չվերթերի, ինչպես նաև ներքին և միջազգային չվերթերի համար, որոնք ժամանում կամ մեկնում են միայն Իրանի արևելքում գտնվող օդանավակայաններ», - ասել է Ախավանը, նրա խոսքը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Նա նշել է, որ չվերթեր ուղարկելու և ընդունելու թույլտվություն ստացած օդանավակայանների ցանկում ներառվել են այն օդանավակայանները, որոնք գտնվում են հենց Իրանի արևելյան մասի՝ Բոջնուրդ, Սաբզևար, Մաշհեդ, Բիրջենդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, Իրանշահր, Սերախս, Գոնաբադ, Ջիրոֆթ և Ջասկ քաղաքներում:
Ախավանը հավելել է, որ Իրանի հարավային, հյուսիսային և արևմտյան քաղաքների օդանավակայաններում չվերթերի մեկնման և ընդունման արգելքը պահպանվում է մինչև հետագա ծանուցումը: