ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներից 15–ը կալանավորված են։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են։
««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել ՀՀ-ում։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։