Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, բարձրացվում է քաղաքացիների թվային գրագիտությունը ու զարգանում են կիբեռանվտանգության ժամանակակից մեխանիզմները: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն այսօր առաջարկում է բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ։ Հայաստանում արդեն կա փորձը, ինչի շնորհիվ պետական մարմինները ոչ թե կրնկնօրինակում, այլ հասանելություն են ստանում պաշտպանված սկզբնաղբյուրին։ Դա թույլ է տվել մեզ ստեղծել թվային ծառայություններ, որոնք դարձնում են ծառայությունների մատուցումը միասնական, թափանցիկ ու հարմար օգտատերի համար»,– ասել է ՀՀ վարչապետը։
Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու NVIDIA ընկերության ծրագրերը, Փաշինյանի խոսքով, հաստատում են, որ հավակնություններ և տեխնոլոգիական հասունություն ունեցող նույնիսկ փոքր պետությունները կարող են զգալի դեր խաղալ գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգում:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական մակարդակով Հայաստանն արդեն ներդրումներ է անում մեքենայական ուսուցման մասնագետների պատրաստման համար և ստեղծում է լոկալ տիրույթներ` արհեստականան բանականության հիմքով որոշումները թեստավորելու համար։
Փաշինյանը վստահեցրեց նաև, որ ԵԱՏՄ այլ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումն առանձնակի նշանակություն ունի, ուստի Հայաստանը բաց է անդրսահմանային անձնագրերի և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովին զուգահեռ Մինսկում տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (եվրասիական հնգյակի երկրների առաջնորդների մակարդակով):
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: