ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. ԵԱՏՄ-ում 2027 թվականի հունվարի 1-ից պետք է գործարկվի միասնական էլեկտրաէներգետիկական շուկան։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը։
«Ներկայում մշակում ենք ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային միանալու պայմանագիրը և դրա կանոնակարգերը։ 10 կանոնակարգերից 4-ն արդեն ընդունվել են։ Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ մենք արդեն կընդունենք մնացածը՝ արդեն 2027 թվականի հունվարի 1-ից փորձնական ռեժիմով էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկան գործարկելու համար», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման տեսանկյունից էլեկտրաէներգետիկական ոլորտը «չեմպիոն» է:
«Մենք էլեկտրաէներգետիկայի ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորման առումով մեծ արդյունքների ենք հասել. վերջին երկու տարվա ընթացքում ընդունել ենք 4 կանոն։ Դրանք են թողունակության որոշման և բաշխման, մուտքի, փոխադարձ առևտրի և ընդհանուր շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները: Որոշվել են նաև երեք երկրների ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորները և մեկ օր առաջ գործող օպերատորները», - ասել է ԵՏՀ նախարարը։
Եվրասիական տնտեսական համաժողովը, որը նվիրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, անցկացվում է Մինսկում հունիսի 26-27-ը: Լիագումար նիստի թեման է՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»: