ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի -Sputnik. ԵԱՏՄ երկրների երկկողմ առևտրի 93 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Այս մասին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ի ստեղծումից՝ 2015 թվականից ի վեր, անդամ երկրների երկկողմ առևտրի ծավալները կրկնապատկվել են և կազմել 97 մլրդ դոլար: Երրորդ երկրների հետ առևտուրն աճել է 38 տոկոսով և կազմում է մոտ 800 մլրդ դոլար, ինչը համադրելի է աշխարհի առաջատար տնտեսական տերությունների միջև առևտրի ծավալների հետ։
«Միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,6 տրլն դոլարի», հավելել է նա ՝ նշելով, որ «Միությունում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 30 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 26 տոկոսով: Այս առաջընթացը լավ հիմք է ստեղծում այլ երկրների հետ համագործակցության ամրապնդման համար»։
Ըստ նրա` ԵԱՏՄ-ն դառնում է համագործակցության և տնտեսական աճի մեծ տարածք, որտեղ հարգվում է յուրաքանչյուր պետության զարգացման սեփական մոդելի իրավունքը, որտեղ հաշվի են առնվում բոլոր մասնակիցների շահերը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովին զուգահեռ Մինսկում տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (եվրասիական հնգյակի երկրների առաջնորդների մակարդակով):
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: