Ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի ՀՀ–ից արտահանումը ևս 6 ամսով արգելվեց

Ցորեն. Արխիվային լուսանկար
Այս որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի համար սահմանվեց արտահանման 6-ամսյա ժամանակավոր արգելք: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։
«Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,– ասված է որոշման մեջ։
ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 28–ի որոշմամբ այս ապրանքատեսակների համար սահմանվել էր արտահանման ժամանակավոր` 6–ամսյա արգելք, որի գործողությունը կավարտվի 2025 թ. հուլիսի 4–ին։
Այս որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
Կառավարության այս որոշումն ընդունվել է 2014 թ. մայիսի 29–ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի և «Երրորդ երկրների հանդեպ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությանը համապատասխան։