ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱԱԾ դիմակավորված անձինք այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Տեղեկությունը հայտնում է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել նաև «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում: Այս պահին գործողություններ են իրականացվում Բագրատ սրբազանի կեցավայրում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։