Փաշինյանը ՍԱՏՄ–ի նոր ղեկավար է նշանակել

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Տիգրան Պետրոսյանը։ Այս մասին այսօր որոշում է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Դրան զուգահեռ ստուգումներ են սկսվել «Տաշիր» խմբի ընկերությունների խմբի մեջ մտնող «Պիցցա Տաշիր» սննդի ցանցում, կասեցվել է 36 կետերից 12–ի գործունեությունը (դրանցից մեկի գործունեությունը հունիսի 23–ին վերականգնվել է)։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,– ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ մայիսի 6–ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2024–ի նոյեմբերի 11–ին։ 2025 թ–ի ապրիլի 30-ին նա աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, իսկ մայիսի 6–ին` կալանավորվել։