ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հետազոտողները պարզել են, որ գյուղատնտեսության ընդլայնման հետևանքները կարող են հաջորդ դարի ընթացքում մոտ 500 տեսակի թռչուններ անհետանալու պատճառ դառնալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Nature» ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Բրիտանացի գիտնականները վերլուծել են թռչունների մինչև 10 հազար տեսակների տվյալները և կանխատեսել դրանց անհետացման վտանգը, որն աճել է գյուղատնտեսության վարման գոտիների ընդլայնման պատճառով:
«Հիմնական սցենարով մեր ենթադրությունն էր, որ մարդու գործունեությունը և բնական սպառնալիքները կշարունակեն ազդել թռչունների պոպուլյացիաների վրա։ Այս սցենարով մենք կանխատեսեցինք, որ ուսումնասիրված՝ գոյություն ունեցող 9873 թռչունների տեսակների 5,2%-ը (գումարած կամ հանած 0,2 տոկոսային կետ) կվերանա առաջիկա 100 տարվա ընթացքում», - ասվում է հետազոտության մեջ:
Մասնավորապես, թանձրահավը, եվրոպական տատրակը և մեծ արոսը կլինեն այն տեսակների թվում, որոնք կարող են անհետանալ, եթե ներկայիս միտումները շարունակվեն, ընդ որում՝ այդ թռչնատեսակների կորուստը սպառնում է ամբողջ աշխարհում խարխլել բնապահպանական համակարգերը:
Գիտնականները շեշտում են, որ, այլ կերպ ասած, առաջիկա 100 տարիների ընթացքում մարդու գործունեության արդյունքում երեք անգամ ավելի շատ թռչունների տեսակներ կվերանան, քան 1500 թվականից ի վեր և պնդում են, որ անհրաժեշտ է թռչնատեսակների պահպանման ուղղությամբ հրատապ ջանքեր գործադրել։