ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարում տեղակայված ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանին հարվածելու թեմայով զրուցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ և ափսոսանք հայտնել պատճառված վնասի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով էմիրի գրասենյակի պաշտոնական կայքին։
«Իրանի նախագահն ընդգծել է, որ Կատարը և նրա քաղաքացիները գործողության թիրախ չեն եղել։ Գրոհը Կատարի համար սպառնալիք չի ներկայացնում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Փեզեշքիանը նաև հավաստիացրել է, որ Իրանը Կատարին դիտարկում է որպես հարևան, եղբայրական մահմեդական պետություն։ Նա հույս է հայտնել, որ կպահպանվեն ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունները:
Հիշեցնենք` հունիսի 23-ի երեկոյան Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանի ուղղությամբ, 19 հրթիռներից միայն մեկն է ընկել ռազմակայանի տարածք (այնտեղից նախապես տարհանվել են ամերիկացի զինվորականները), մյուս հրթիռները կարողացել են որսալ։ Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհեր և տուժածներ չկան, խոցված հրթիռների առանձին բեկորներ ընկել են երկրի բնակելի շրջանների վրա՝ առաջացնելով ոչ մեծ հրդեհներ: Կատարի և Պարսից ծոցի մյուս երկրների ԱԳՆ-ները խստորեն դատապարտել են Իրանի հարձակումը Կատարի տարածքի վրա, էմիրության իշխանությունը սպառնացել է պատասխան տալ Իրանին։
Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ հրթիռներ է արձակել ի պատասխան ամերիկյան հարվածների: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է` իրանական կողմն էսկալացիա չի ցանկանում: