ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվեց իրեն ենթարկեցնել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, Ամերիկային ներքաշել նոր, թանկարժեք և անարդարացի պատերազմի մեջ և զոհաբերել սեփական անվտանգությունը, ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում։
«Թեհրանն իրավունք ունի պաշտպանվել ամերիկյան կոպիտ ագրեսիայից: Համարժեք պատասխանի ժամկետները, բնույթը և մասշտաբները կորոշեն Իրանի զինված ուժերը»,–ասաց նա։
Իրավանին ներկաներին հիշեցրեց, որ Իրանը, լինելով ՄԱԿ-ի հիմնադիր երկրներից մեկը և խաղաղասեր պետություն, ենթարկվեց անարդարացի հարձակման Իսրայելի, ապա Միացյալ Նահանգների կողմից։
«Միացյալ Նահանգները՝ միակ երկիրը, որը միջուկային զենք է օգտագործել (Ճապոնիայի դեմ), կրկին դիմել է անօրինական ուժի՝ պատերազմ սանձազերծելով իմ երկրի դեմ՝ «Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու» հորինված պատրվակով։ Սա դառը և ողբերգական հեգնանք է»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է դեսպան Ամիր Սաիդ Իրավանին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: