Կատարն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իրանի հարվածներին․ ԱԳՆ

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Կատարի ՀՕՊ-ը կանխել է հարձակումը և հաջողությամբ որսացել իրանական հրթիռները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կատարը խստորեն դատապարտում է Իրանի հարվածներն իր տարածքում գտնվող Ալ Ուդեյդ ռազմաբազային և իրեն իրավունք է վերապահում ուղիղ պատասխան տալ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդա ալ Անսարին։
«Կատարը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակումը և դա համարում է Կատարի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության աղաղակող խախտում», - նշել է ալ Անսարին:
Նա հավելել է, որ Կատարն իրեն իրավունք է վերապահում ուղիղ և միջազգային իրավունքին համապատասխան պատասխան տալ, որը համաչափ է այդ «աղաղակող ագրեսիայի» բնույթին և ծավալներին:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Կատարի ՀՕՊ-ը կանխել է հարձակումը և հաջողությամբ որսացել իրանական հրթիռները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը առնվազն վեց հրթիռ է արձակել Կատարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։