ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանը առնվազն վեց հրթիռ է արձակել Կատարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պետական հեռարձակող Kan-ին։
Իսրայելական աղբյուրի համաձայն՝ Կատարի վրա, որտեղ տեղակայված է Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան բազան՝ «Ալ Ուդեյդ»-ը, արձակվել է ավելի քան հինգ հրթիռ։ Բացի այդ, մեկ հրթիռ արձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան թիրախի վրա։
Իրանը հարձակումը պատասխանն է հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ-ի հարվածի։
Ավելի վաղ Կատարը ժամանակավորապես փակել էր իր օդային տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Fox News-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն Կատարում գտնվող իր ռազմաբազայի վրա Իրանի հնարավոր հարվածը գնահատում է որպես անխուսափելի սպառնալիք։ Ավելի ուշ Կատարում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին ապաստարաններում թաքնվել մինչև հետագա ծանուցում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո: