Երուսաղեմի պատրիարքարանը դատապարտել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը

Բարձրաստիճան հոգևորականները կոչ են արել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը վճռական միջոցներ ձեռնարկել քրիստոնյաների և այլ կրոնական համայնքների անվտանգությունն ապահովելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երուսաղեմի պատրիարքարանների ղեկավարները և եկեղեցիների առաջնորդները խստորեն դատապարտել են Դամասկոսի Սուրբ Եղիա ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, իրենց աջակցությունը հայտնել հավատացյալներին և իրենց համերաշխությունը` Անտիոքի Պատրիարք Հովհաննես X–ին (տաճարը պատկանում է նշված պատրիարքարանին):
Պատրիարքները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և աղոթք բարձրացրել վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Հայտարարության մեջ, որը Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը հրապարակել է X սոցիալական ցանցում, ասվում է, որ Երուսաղեմի բարձրաստիճան հոգևորականները Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կոչ են արել ոչ միայն ձերբակալել Դամասկոսի Սուրբ Եղիա տաճարի վրա հարձակված ահաբեկիչներին, այլև վճռական միջոցներ ձեռնարկել Սիրիայում քրիստոնյաների և այլ կրոնական համայնքների անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին Դամասկոսի արևելքում գտնվող հունական եկեղեցներից մեկում ահաբեկչական հարձակում է գրանցվել պատարագի ժամանակ։ Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում, զոհվել է ավելի քան 25 մարդ։ Մահապարտ ահաբեկիչը, որը «Իսլամական պետություն» խմբակցության անդամ էր, պայթեցրել է իրեն եկեղեցու ներսում։