ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Օմանի ԱԳՆ-ն, որն անուղղակի բանակցությունների ժամանակ միջնորդ է եղել Իրանի և ԱՄՆ-ի միջև, հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում են՝ նշելով, որ սուլթանությունը դրանք համարում է «ագրեսիայի անօրինական գործողություն»:
«ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է և իր խորը մտահոգությունն է հայտնել ԻԻՀ օբյեկտներին ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով առաջացած էսկալացիայի կապակցությամբ և հայտարարել, որ սուլթանությունը դատապարտում է ագրեսիայի այդ անօրինական գործողությունը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում են, որն արգելում է ուժի կիրառումը, պետությունների ազգային ինքնիշխանության և խաղաղ միջուկային ծրագրերի զարգացման նրանց օրինական իրավունքի խախտումը», - ասվում է X սոցիալական ցանցում Օմանի ԱԳՆ-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ սուլթանությունը անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում, և ընդգծել, որ միջազգային իրավունքն արգելում է հարվածները միջուկային օբյեկտներին աղտոտման և ճառագայթման տարածման ռիսկերի պատճառով:
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում: