ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Իրանն առաջին անգամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է կիրառել Իսրայելի ուղղությամբ առավոտյան հարձակման ժամանակ, Իրանի հայտնել է պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ` երկրի զինված ուժերի մի մասը):
«Այս գործողությունում նոր մարտավարությունների կիրառմամբ առաջին անգամ օգտագործվել է մի քանի մարտագլխիկներով «Kheibar Shekan» բալիստիկ հրթիռը, որը պատկանում է ԻՀՊԿ հրթիռների երրորդ սերնդին», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Khaibar Shekan»-ի հայտարարված թռիչքի առավելագույն հեռավորությունը մոտ 1,5 հազար կիլոմետր է։
Ավելի վաղ «Mehr» գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել էր, որ Իրանն առաջին անգամ օգտագործել է նոր «Kheibar» հրթիռներ Իսրայելի վրա առավոտյան հարձակման ժամանակ: Հարվածը հասցվել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների կենտրոնին և հրամանատարության կենտրոնին։
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: