ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վաղը գործակալության կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում Իրանում տիրող իրավիճակի ֆոնին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կոչ էր արել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ի պատասխան երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներին:
«Իրանում տիրող անհետաձգելի իրավիճակով պայմանավորված ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ եմ գումարում վաղը»,- այսօրգրել է Գրոսին X սոցցանցում:
ԱռավոտյանՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ այս պահին ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրել: Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներից դուրս ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել նախապես ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:
ԱՄՆ-ն այս գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: