ԵՐԵՎԱՆ, հունիսի 22 – Sputnik. ԱՄՆ-ի հարվածները Իրանին վտանգավոր սրացում են տարածաշրջանում, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ես խորապես անհանգստացած եմ, որ Միացյալ Նահանգներն այսօր ուժ է կիրառել Իրանի դեմ։ Սա վտանգավոր սրացում է մի տարածաշրջանում, որն արդեն իսկ գտնվում է փլուզման եզրին, և դա ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ աճում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից և աղետալի հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար։
Այս վտանգավոր պահին, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կենսականորեն կարևոր է խուսափել քաոսից։
«Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է», - ընդգծել է Գուտերեշը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։