ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի վրա հարձակմանը ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը բոլորի համար կունենա շատ վտանգավոր հետևանքներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլ է ժամանել Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ ինչպես 2015-ին, հիմա ևս Թեհրանը պատրաստ է միջուկային վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։