ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր կործանիչները հարվածներ են հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին:
«Իսրայելի օդուժի կործանիչները ներկայում հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին», - X սոցցանցում հայտնել է ՑԱԽԱԼ-ը:
Ինչպես հայտնել է իրանական Կարմիր մահիկի ընկերությունը, Իսրայելը հարձակվել է ուղղաթիռի վրա, որն օգտագործվում է փրկարարական գործողություններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրան-Իսրայել հակամարտությունն սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 430, վիրավորվել ավելի քան 3,5 հազար մարդ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։