Քանի ՀՀ քաղաքացի է դեսպանատուն դիմել Իրանից և Իսրայելից տարհանվելու համար. ԱԳՆ–ի պատասխանը

ԱԳՆ խոսնակը նշել է նաև, որ հունիսի 13–ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հունիսի 13–ից ի վեր` այս պահի դրությամբ, Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ 30 ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` ավելացնելով, որ ՀՀ դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:
Բադալյանը տեղեկացրեց, որ Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ 15 քաղաքացի, որոնց տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է ՀՀ 20 քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոոս:
«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ»,– ընդգծել է նա:
ԱԳՆ խոսնակը նշել է նաև, որ հունիսի 13–ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։
Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից Հայաստան են տարհանում. ԶԼՄ
Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ–ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում»,– վստահեցրել է Բադալյանը։
Նա նշել է, որ Հնդկաստանի և ՀՀ ԱԳՆ–ների պայմանավորվածության համաձայն` տարհանվել են նաև հնդիկ ուսանողները:
Բադալյանի խոսքով` տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին:
ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ–ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։
Վերջին օրերին Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի է Իրանից մուտք գործել Հայաստան. դեսպանատուն
ԱԳՆ խոսնակն ավելացրել է, որ աշխատանքները, այդ թվում՝ ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակվում են։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։