Ե՞րբ կլուծվի սահմանամերձ Սյունիքի 3 գյուղի խմելու ջրի հարցը. մարզպետարանի պատասխանը

Ամռան սկսվելուն պես Իրանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները ջրի լուրջ պակասի են բախվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի երեք ամենահարավային գյուղերի խմելու ջրի հարցը կլուծվի առաջիկա երկու տարիների ընթացքում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։
Մենք հարցրել էինք, թե երբ կլուծվի Նռնաձոր գյուղի խմելու ջրի խնդիրը, որն առաջանում է ամռան ամիսներին։
Մարզպետարանից նշել են, որ այս պահին ընթանում են ուսումնասիրության և նախնական նախագծման աշխատանքներ, որոնցում դիտարկվում են պոմպերի տեղադրում, այլ տարածաշրջանի ջրային աղբյուրներից մինչև այս տարածաշրջանի գյուղեր ջրագծերի անցկացում, ջրային գետնուղիների օգտագործում և այլն։

«Համընդհանուր ծրագրով, որի իրականացումը քննարկման փուլում է թե՛ տեղական, թե՛ միջազգային դոնորների հետ, նախատեսվում է առաջիկա երկու տարում լուծել ոչ միայն Նռնաձոր, այլև այդ տարածաշրջանի Ալվանք ու Շվանիձոր գյուղերի խմելու ջրամատակարարման հարցը», – ասել են մարզպետարանից։

Մեր կողմից նշենք, որ ամռան ամիսներին և աշնանը տարածքում խորը ջրերի մակարդակը կտրուկ իջնում ​​է և ջուրը չի բավարարում: Կա օրական կարգավորման ավազան, սակայն այն այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Գյուղացիները լուրջ խնդիրների են բախվում։
Հավելենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նոր ճանապարհ կառուցել դեպի Հայաստանի ամենահարավային գյուղ՝ Նռնաձոր:
Ներքին Հանդ գյուղի խմելու ջրագծի շինարարությունն ավարտվել է