ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Այս մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։
«Հաշվի առնելով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մնալ զգոն և հետևել պաշտոնական ցուցումներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել +972 58 607 0313 հեռախոսահամարով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։