ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։ Հանդիպման մասին հաղորդագրություններ են տարածել ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունները։
ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ուղիղ կապերն ու երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունն էլ իր հերթին հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։
«Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին, որոնք իրականացվում են տարածաշրջանային զարգացման շահերից ելնելով և փոխադարձ օգուտի սկզբունքներով»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա։ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Վարչապետի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։